Շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից․ ՀԺՄ
Կառավարությունից տեղեկացրել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները, սակայն շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու և նրան հարցեր հղելու հնարավորությունից, հայտնում են Հայաստանի ժուռնալիստների միությունից։
«Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։
Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաև ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ»,-նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության և հավասարության հիմնարար սկզբունքներին և ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։
Կառավարության աշխատակազմին կոչ է արվում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը և հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ասուլիսը կսկսվի այսօր ժամը 12-ին։