Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան
Ադրբեջանը մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ հավելել է. «Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի ռազմագերիներին: Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»:
Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։