Թուրքիայի ՊՆ ղեկավարը սպառնացել է Հունաստանին

Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում Հունաստանի տարածքային ջրերն ընդլայնել ներկայիս 6 մղոնից։ Այս մասին Աթենքին զգուշացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Նա նաև հորդորել է Հունաստանի կառավարությանը հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում նոր էսկալացիայի չձգտել։

«Աթենքը պետք է հիշի պատմության դասերը. Թուրքիան չի տրվում հունական կողմի սադրանքներին, բայց միևնույն ժամանակ թույլ չի տա, որ տարածաշրջանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք ոտնահարում են թուրքական կողմի իրավունքները»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հունաստանը հակաթուրքական ծրագրերում չպետք է ապավինի երրորդ ուժերի աջակցությանը։ Նա կրկնել է, որ Թուրքիան չի ընդունի Հունաստանի տարածքային ջրերի երկարացումը մինչև 12 ծովային մղոն։

«Ընդամենը 6 մղոն», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Հունաստանի կառավարության խոսնակ Յանիս Իկոնոմուն հայտարարել էր, որ Աթենքը չի հրաժարվի Էգեյան ծովում իր ինքնիշխան իրավունքներից։ Դեկտեմբերի 30-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է մտահոգվի Հունաստանի դեմ Թուրքիայի ռազմական սպառնալիքների մասին՝ հաշվի առնելով Աթենքի օրինական իրավունքը՝ ընդլայնելու իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն։