Ինչպես է քաղաքացիներին բաշխվելու պարենամթերքը Արցախում

Սննդամթերքը բնակչությանն համաչափ բաշխելու նպատակով  Արցախի Հանրապետության Օպերատիվ շտաբի և Բնակարանային հարցերի կոմիտեի կողմից մշակվում է հատուկ կարգ վաճառքի և ձեռքբերման համար:
 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը։

«Նպատակն է ունեցած սննդամթերքի պաշարը համաչափ, հավասարաչափ բաշխելն է։ Քանի որ շուկայում արդեն նկատվում են հերթեր, մարդիկ իրենց համար նախատեսված պաշարից ավելի շատ են ձեռք բերում, այդ իսկ պատճառով այդ կարգը մշակվում է, և արդեն հունվարի 20-ից քաղաքացիները խանութներից կարող են ձեռք բերել հինգ ապրանքատեսակ  բացառապես հատուկ կտրոնների միջոցով՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ և ձեթ։ Կտրոնները թղթից են՝ լամինացված։ Դրանք լինելու են երկու տեսակի։ Ամսական մեկ լիտր ձեթի համար կլինի կտրոն, որը նախատեսված է մեկ շնչի համար  անկախ տարիքից: Մնացած չորս ապրանքատեսականին շնչի համար նախատեսված է մեկ կիլոգրամ, բայց տրամադրվելու է քաղաքացիներին կես կիլոգրամներով։ Այսինքն՝ քաղաքացին մոտենալու է և ստանա երկու կտրոն, որոնց վրա հստակ ամսաթիվ է լինելու նշած։ Օրինակ առաջին կես կիլոգրամը կարող է օգտագործել հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը, երկրորդ կտրոնով արդեն փետրվարի 6-ից մինչև փետրվարի 20-ը, որպեսզի քաղաքացիներն այդ պաշարը խանութներից միանգամից ձեռք չբերեն»,-մանրամասնել է Ա. Մանգասարյանը։
 

Նրա խոսքով՝ այսօրվանից արդեն սկսել են համայնքներում փաստացի բնակվող բնակիչների ցուցակագրումը։ Ցանկը էլեկտրոնային տարբերակով տրամադրվում է շրջվարչակազմերին, որոնք  էլ հավաքագրում են և ուղարկում Բնակարանային հարցերի կոմիտեին։
 

«Գործընթացի իրականացման համար հատուկ էլեկտրոնային ծրագիր է մշակվում, որը մոտ օրերս պատրաստ կլինի։ Համայնքներից հավաքագրված տեղեկությունները կմուտքագրենք այդ համակարգ, որից հետո Ստեփանակերտում և շրջկենտրոններում կբացվեն հատուկ կետեր։ Մայրաքաղաքում կլինի շուրջ 20 կետ, շրջկենտրոններում՝ 2-ական։ Քաղաքացիներն իրենց անձնագրերով կամ  ընտանիքի մեկ անդամը մյուսների անձնագրերով (ոչ պատճեններով) կմոտենա սպասարկման կետ, կտրամադրի օպերատորինորի կողմից  տվյալները մուտքագրելուց  հետո  ստացական է տպվելու, որտեղ հստակ նշված է լինելու այն անձանց անունները, ում համար տվյալ քաղաքացին մոտեցել է՝ ստանալու կտրոնները և ապրանքատեսակներն իրենց քանակով։
 

Այդ ստացականով կմոտենա մյուս երկու օպերատորներին, որոնց կողմից կստորագրվի ստացականն ու  կտրամադրվեն կտրոններ»,-ներկայացրել է Ա. Մանգասարյանը՝ հավելելով, որ եթե տվյալ անձի տվյալները շրջաններում արդեն մուտքագրված լինի, ապա ծրագիրը թույլ չի տա կրկին օգտվել։

Նրա խոսքով՝ կտրոնները քաղաքացիներին կտրամադրվեն հունվարի 17-ին կամ 18-ին, բայց նրանք կարող են օգտագործել հունվարի 20-ի առավոտյան։ Հունվարի 20-ին խանութներին հստակ ապրանքատեսականի կմատակարարվի։
 

Գյուղաբնակներն ապրանքատեսակները կարող են ձեռք բերել ինչպես իրենց բնակավայրի, այնպես էլ  ցանկացած խանութից։ Բնակիչներն իրենց կտրոնները կստանան տեղում՝  համայնքապետի միջոցով. յուրաքանչյուր ընտանիք կստորագրի ու կստանա իր կտրոնը։
 

Ըստ Արմեն Մանգասարյանի՝ այն անձինք, որոնք ունեն օտարերկրյա քաղաքացիություն, անձնագրեր և փաստացի գտնվում են Արցախի Հանրապետությունում, նույնպես կստանան այդ կտրոնը։
 

«Եթե հետագայում այլ ապրանքատեսակների դեպքում ևս նկատվի նման խնդիր, ապա դրանց  ցանկը կարող ենք փոփոխել»,-եզրափակել է Ա. Մանգասարյանը։