Բժիշկները հրաժարվել են կեսարյան հատում անել. մահացած նորածնի մայրը մանրամասներ է պատմել. ԶԼՄ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 7-ին մահացած ծնված  նորածնի մայրը NEWS.am-ի հետ զրույցում վստահություն է հայտնել՝ իր դուստրը մահացել է բժիշկների մասնագիտական անփութության եւ անուշադրության հետեւանքով։ 
 

Նա մեղադրում է հիվանդանոցի ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանին եւ ուլտրաձայնային հետազոտություն՝ էխո կատարած բժշկին, որն ըստ իրեն՝ սխալ է ասել երեխայի քաշը։
 

Կնոջ հղիության ամբողջ ընթացքը հսկել է Զեյթունի թիվ 16 պոլիկլինիկայի բժիշկը, որն էլ կնոջ հղիության վերջին շրջանում նրան ուղղորդել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ կեսարյան հատման, նշելով, որ հաշվի առնելով ծանր հղիությունը, նրան ցուցված չէ ինքնուրույն ծննդաբերելը։

 

«Ես բժշկին ասացի, որ շատ ծանր հղիություն եմ տանում, եկեք՝ շուտ միջամտեք, կեսարյան արեք, ասաց չէ՝ դու քո ուժերով կունենաս, ես քեզ խոսք եմ տալիս։ Հետո՝ ուլտրաձայնային հետազոտության բժիշկը մատների արանքով մոտեցավ խնդրին, նայեց ասաց՝ չգիտեմ քաշը հինգ կիլոյից ավելի է, բայց չի կարող հինգ հազարից ավելի լինել երեխայի քաշը։ Կիսուրս ասաց՝ կոնկրետ ասա երեխայի քաշը, ասաց՝ թեւերս ցավում են, չեմ կարողանում նայել, ով հասնում է, ուղարկում է մեր մոտ»,- պատմել է կինը։

 

Հունվարի 5-ից Շողերը հիվանդանոցում է եղել եւ մինչեւ ծննդաբերության օրը՝ հունվարի 7-ը, բժիշկներին խնդրել դիմել կեսարյան հատման, սակայն նրանք հրաժարվել են պատճառաբանելով, որ նրա գիրությունը կարող է վտանգներ առաջացնել։

 

«Ես չեմ ժխտում՝ գեր եմ, բայց միակ կի՞նն եմ, որը քաշի հետ խնդիր ունի եւ կարող է դիմել կեսարյան հատման։ Ծննդաբերությունն անցավ շատ ծանր։ 12ից 15 էր պակաս, բժիշկներից մեկը, որից ես շատ գոհ եմ իր նրբանկատ վերաբերմունքի համար, ասաց՝ սպասենք մինչեւ 12:00-ն, եթե բնական ճանապարհով չստացվի, կեսարյան հատում կանենք։ Երեխային հանեցին, բայց չճչաց, ասացի՝ ինչո՞ւ չճչաց, բժիշկը նայեց դեմքիս ու ասաց՝ որտեղի՞ց ճչա, մեռել ա երեխեդ, խեղդվել ա։ Ասաց՝ երեխան ծնվել է 5 կգ 950 գրամ, իրենք են ասել այդ թիվը, ես չեմ հորինել։ Ես ծնարանի անձնակազմից որեւէ մեկի դեմ ինչ-որ բան չունեմ, իրենք լավ են վերաբերվել ինձ, ու կմիջամտեին, եթե Արսեն Սարգսյանը թույլ տար։ Իրենք նայում էին իրեն, որ ասում էր՝ ի՞նչ է չորս կիլոանոց երեխան, որ բնական ճանապարհով չծնվի, հետո էլ ծնողիս ասում է՝ ես ինչ իմանայի՝ գիգանտ էր, որ մեռել էր, պետք է ասեի՝ մեռել էր»,- լրատվամիջոցին ասել է կինը:

 

Մանրամասները` կայքում: