Բեռլինում Իրանի դեսպանին Գերմանիայի ԱԳՆ են կանչել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը կարգադրել է Բեռլինում Իրանի դեսպանին Գերմանիայի ԱԳՆ կանչել։ Նախարարը հայտնել է տեղեկությունը լրագրողներին Կիպրոսի արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

 

«Այսօր կրկին կարգադրել եմ Իրանի դեսպանին կանչել արտաքին գործերի նախարարություն, որ ևս մեկ անգամ հստակ հասկացնեմ, որ նրանց դաժան բռնաճնշումները, սեփական ժողովրդի ճնշումն ու ահաբեկումը և վերջին երկու մահապատիժները անհետևանք չեն մնա», - ասել է Բերբոքը:

 

Ավելի վաղ եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Նիդեռլանդներում և Դանիայում նույնպես Իրանի դեսպաններին ԱԳՆ էին կանչել։

 

Այսօր Fars գործակալությունը հաղորդել է, որ Իրանի դատարանը նախնական մահվան դատավճիռ է կայացրել Սպահան քաղաքում ահաբեկչական հարձակման գործով մեղադրյալների նկատմամբ. այդ ժամանակ իրավապահ համակարգի երեք աշխատակից էր զոհվել:

 

Հիշեցնենք` Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։

 

Բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ–ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը` Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։

 

Իրանի իշխանությունները ցուցարարներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: