Անհրաժեշտ է բոլոր ներքին տեղահանվածներին վերադարձնել Ղարաբաղ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հանրապետության վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի շրջանի բոլոր քաղաքներում սպորտային օբյեկտներ կառուցելու կառավարության ծրագրերի մասին։

«Ազատագրված բոլոր քաղաքներում նախատեսվում է ստեղծել սպորտային օբյեկտներ: Հաստատվել են բոլոր քաղաքների գլխավոր հատակագծերը: Վերականգնողական բոլոր աշխատանքները կիրականացվեն գլխավոր հատակագծերի հիման վրա, որոնք նախատեսում են նաև սպորտային օբյեկտների ստեղծում»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով երկուշաբթի օրը՝ Ադրբեջանում 2022 թվականի մարզական արդյունքներին նվիրված միջոցառմանը։ 

 

Մասնավորապես, ըստ նրա, մշակվում է  Աղդամ (Ակնա) քաղաքի  մարզադաշտի վերակառուցման նախագիծը, որին կից կկառուցվի օլիմպիական մեծ մարզահամալիր։ Բացի այդ, Աղդամում (Ակնա)  դրվել է Ղարաբաղի ձիասպորտի համալիրի հիմքը։

 

Ալիևն  ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր ներքին տեղահանվածներին վերադարձնել Ղարաբաղ։ «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, առաջին հերթին պետք է ստեղծվեն դպրոցներ, հիվանդանոցներ, ենթակառուցվածքներ, բայց չպետք է մոռանալ սպորտային օբյեկտների մասին»,- հավելել է նա։