«Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն». Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական

Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի 270 երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն:

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։

 

«Երեխաներին չենք կարող կտրել ուսումնական գործընթացից։ Չնայած իրենց ծնողները, ընկերներն ու ուսուցիչներն Արցախում են, բայց իրենք էլ են գիտակցում, որ անհրաժեշտ է ուսում ստանալ։ Գորիսում մնացած երեխաները վաղվանից կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց: Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ տեղի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,–ասաց Գյանջումյանը։

 

Նրա խոսքով` Երևանում գտնվող 20 երեխաները նույնպես վաղվանից կհաճախեն քաղաքի տարբեր դպրոցներ։

 

Գյանջումյանն ընդգծեց, որ առաջին մասնագիտությամբ հոգեբան է ու ամեն ինչ անում է, որպեսզի երեխաներն այս իրավիճակում համապատասխան աջակցություն ստանան, բայց միևնույն է, նրանք կարոտում են, ուզում են գնալ իրենց դպրոցները։ Միևնույն ժամանակ երեխաները հասկանում են, որ սա իրենցից կախված իրավիճակ չէ, ուստի պետք է միասին հաղթահարել։