Մոտ 17 հազար մարդ է հարցաքննվել. Քյարամյանը` 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության մասին

44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ բավականին լայն քննություն է իրականացվում։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ 

 

«Մենք դիվիզիայի մակարդակից ընդհուպ մինչ վաշտի մակարդակ քննություն ենք իրականցնում, կորպուսի մակարադակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում։ Մեր հիմնական նպատակն ամբողջությամբ բացահայտելն  է պատերազմում մեր պարտության պաճառները և ինչպես նաև այն անձանց, որոնք նպաստել են դրան»,-նշել է Քյարամյանը։ 

 

Ըստ նրա՝ առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել այս գործերով, ինչը վկայում է քննության աննախադեպ ծավալի մասին։ «Քննությունը կարող ենք պայմանականորեն բաժանել երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քրեական գործեր։ Համապատասխանաբար, առանձին գործերով քննում ենք 10-րդ և 18-րդ դիվիզիաների վերաբերյալ քրեական գործերը, Առաջին բանակային կորպուսի վերաբերյալ գործը, Շուշիի անկման դրվագն առանձին գործով է քննվում, հոկտեմբերի 7-8 դրվագով առանձին գործով քննություն ունենք, ունենք առանձնացված քրեական գործեր նախապատերազմյան որոշ հարցերի, պատերազմից առաջ, ընթացքում իրականացված զորահավաքի գործերով քրեական գործերով»,- նշել է նա։ 

 

Ըստ պաշտոնյայի՝ վերջնարդյունքում կլինի ընդհանուր պատկեր։ «Կան իրավիճակներ, որոնք պարզաբանված են և հանգուցալուծմանն են սպասում, բայց չեն հրապարակվում՝ հաշվի առնելով քննության տակտիկան»,-նշել է նա։ Անդրադառնալով Արցախի ՊՆ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի նկատամամբ հարուցված քրեական գործերին, Քյարամյանը նշեց, որ մեղադրանքների ծավալները չեն փոխվել և մի քանի դրվագներով նախաքննությունն ավարտին է մոտենում։ «Մենք քերական գործեր ունենք հարուցված 44-օրյա պատերազմի, նախորդ տարվա մայիսի, ինչպես նաև սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ։ Բոլոր հանգամանքները փաստագրվել են, որոնք օգտագործվում են միջազգային հարթակներում։ ՔԿ-ն նույնականացրել է ավելի քան 300 անձի, ովքեր 12 ահաբեկչական խմբավորումների կազմում հակառակորդի կողմից մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Նրանք բոլորն էլ միջազգային հետախուզման մեջ են»,- հայտնել է ՔԿ ղեկավարը։

Պատահարներ