Արցախցիներին հորդորել են զերծ մնալ հակառուսական քայլերից
Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Մելքումյանը եւ պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը այցելել են Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր, հանդիպել բնակիչների հետ:
«Շատ կարեւոր է, որ ստեղծված իրավիճակում ունենանք մեր ներքին համերաշխությունը: Որոշակի պարենի պաշար ունենք, բայց բնակչությունը պետք է ըմբռնումով մոտենա եւ խնայողաբար օգտագործի, որովհետեւ դեռեւս պարզ չէ, թե շրջափակումը որքան կշարունակվի: Առաջիկայում գարնանացանի որոշակի մշակաբույսերի դեպքում ունենալու ենք լրացուցիչ պաշարներ: Պարենային անվտանգության մասով, իհարկե, կան ապրանքներ, որ չկան, բայց նաեւ ապրանքատեսակներ կան, որ ունենալու ենք եւ մեզ բավարարելու է երկար ժամանակ»,-ասաց Արթուր Հարությունյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 12-ից հետո պատգամավորները 4 պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, ներկայացրել են պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ այստեղ ավելորդ լարվածություն չստեղծելու համար են փորձում այս ձեւով հարցերը լուծել, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պետք են լինելու ավելի կտրուկ քայլերի դիմել, որովհետեւ շրջափակումը կարող է վերածվել հումանիտար աղետի»,-ասաց Հարությունյանը:
Պատգամավորներն իրենց հանդիպումների ժամանակ հորդորեցին բնակիչներին զերծ մնալ հակառուսական քայլերից՝ լինի ակցիաների տեսքով, թե սոցիալական կայքերում գրառումների
:
Բնակիչների համար առաջնայինը անվտանգության հարցն է, նրանք պատրաստ են զենք բռնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի. «Ուրիշի վրա հույս դնելը սխալ է: Մեք պետք է կարողանանք մեզ պահենք, ուրիշ ո՞վ պետք է մեզ պահի: Որ ռուսը այստեղ է, դա մեծ նշանակություն ունի, իրենց հետ պետք է համախմբվենք, մեր առաջնահերթ դաշնակիցը ռուսն է, ռուսը պետք է մեզ պատդերժկա անի, որ մենք էլ կարողանանք դրա դեմն առնել»,-ասում է Պողոսագոմերի բնակիչ Միշա Դավթյանը: