Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծվի Հայաստանում
Հայաստանը ունենալու է Արտաքին հետախուզական ծառայություն: Այսօր նախագիծը երկրորդ ընթերմամբ ու ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի նիստում։ Նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ ` 33 պատգամավոր։
Հայաստանում ձևավորվելու է հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը։ Ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին։ Արտաքին հետախուզական ծառայության պետը դառնալու է ՀՀ անվտանգության խորհրդի անդամ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն, գրում է 24news.am:
Նորաստեղծ մարմինը համալրելու են նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։
Իսկ հետախուզության ծառայության ստեղծման ընդունումից երեք տարի հետո արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն կատարել: Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները։
«Երկարաժամկետ կտրվածքով այս ինստիտուտը ծառայելու է Հայաստանին ու, եթե որևէ քաղաքական գործիչ իրեն երկարաժամկետ պատկերացնում է քաղաքականության մեջ, ապա շատ մեծ կարևորություն պետք է տա այս ինստիտուտի կայացմանը», - հայտնել է
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։