Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ ՀՀ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանն՝ անդրադառնալով երեկվանից ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու գործողություններին։
Փոխնախարարն ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև՝ շեշտելով՝ Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են խնդրի կարգավորման գործում։
Գևորգյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արատաքին գործերի նախարարությունների միջև բանակցություններ այս հարցով չկան։
«Փաստորեն, ադրբեջանական կողմից տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լրջագույն խախտում, որը պետք է հասցեագրվի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին: Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, փաստորեն, տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքի լայնածավալ խախտում, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կոլեկտիվ պատժի փորձ, ինչը միանշանակ դատապարտվում է միջազգային բոլոր հումանիտար օրենքներով։ Զրկել մարդկանց ազատ տեղաշարժից, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ամենօրյա մատակարարումից և զրկել ոչ թե 1-2 մարդու, այլ զրկել հավաքական իրավունքներից, դա, իրավական տեսակետից, նույնպես լրջագույն խախտում է, որը կարող է ծառայել որպես էթնիկ զտումների և ցեղասպանության վաղ ահազանգ»,-հայտարարել է փոխնախարարը:
Հարցին, թե ի՞նչ է անում այս պահին Հայաստանի ԱԳՆ-ն, նա պատասխանեց. «Կոնկրետ քայլեր ձեռնարկվում են ոչ միայն արտգործնախարարության, այլև բոլոր մակարդակներով. երեկ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև՝ թեման ստեղծված իրավիճակի հաղթահարումն էր։ Մենք արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով տեղեկացնում ենք մեր միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ավելին՝ շուտով ականատես կլինեք, որ ամենաբարձր ատյաններից Հայաստանը կանդրադառնա այս իրավիճակին»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ չի գործում այստեղ ռուս խաղաղապահների մանդատը, Վահե Գևորգյանն ասաց. «Իրավիճակը զարգացման մեջ է, այսինքն՝ միանշանակ ասել, որ ռուս խաղաղապահները չեն օգտագործում իրենց մանդատը, այս պահին ժամանակավրեպ է։ Կարծում եմ՝ փորձեր են կատարում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Նախևառաջ բանակացություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև։ Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են ռուս խաղաղապահների հետ այս խնդրի կարգավորման գործում։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև այս պահին բանակցություններ այս հարցով չկան:
Իրավիճակը անընդհատ զարգանում է, աներկբա է մի բան՝ ճանապարհը պետք է բացվի, որովհետև դա թե՛ քաղաքական հանձնառությունների, թե՛ իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում է և այն չի կարող շարունակվել»:
Նշենք, որ արդեն ավելի քան 24 ժամ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ, կոչ է ա...
Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել
Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը: Տեղեկությունը հայտնում...
«Ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն գործառույթ չունեն». Ռուբինյանը հիշեցրել է ՌԴ-ի և Ադրբեջանի պարտավորությունների մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ...
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մենք անհանգստացած...