ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու՝ արդյոք ես ունե՞մ ID քարտի կարիք»․ Արսեն Թորոսյանը` փոխոստիկանապետին

Հայաստանում այս տարի քաղաքացիներին տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ. քաղաքացիներին նույնականացման քարտ տրամադրելու ծավալներն էականորեն ավելացել են: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ԱԺ նիստում՝ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին:

Բաթոյանը նկատեց, որ շատերը դիմում են նույնականացման քարտի համար ու արդարացիորեն բողոքում, որ դրանց տրամադրման հետ կապված լուրջ խնդիրներ կան, հերթեր կան գոյացած կամ շատ դեպքերում դրանք չեն տրամադրվում, այնինչ դրանք խիստ անհրաժեշտ են՝ տարբեր գործարքների իրականացման համար:

Փոխոստիկանապետն ասաց, որ այս պահին բոլոր այն անձանց, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում նույնականացման քարտեր օգտագործելու կարիք ունեն, անխտիր տրամադրում են այդ քարտերը: «Դրանց տրամադրումը կիրականացվի մինչև 2023 թ փետրվարի 15-ը, դրանից հետո արդեն կտրամադրվեն նույնականացման քարտերը նույն ձևով, սակայն առանց էլեկտրոնային կրիչի»,-նշեց նա:

Անձնագրերի և վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում առաջացած հերթերին անդրադառնալով` Ֆիդանյանն ասաց. «Այն փաստաթղթերի ծավալները, որոնք տրամադրվում են մեր ստորաբաժանումների կողմից, էականորեն աճել են: Բացի այդ, դեռևս փուլային տարբերակով անցում ենք կատարել էլեկտրոնային հերթագրման համակարգին, ինչն էականորեն թեթևացրել է այդ հերթերը: Այդ համակարգը նախատեսում ենք ներդնել նաև տարածքային ստորաբաժանումներում»:

 

Դիմելով փոխոստիկանապետին՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը խնդրել է ուշադրություն դարձնել այն խնդրին, որ շատերը դիմում են նույնականացման քարտեր ստանալու համար, հերթագրվում, և յուրաքանչյուր դեպքով առանձին ուսումնասիրություն է կատարվում․ «Ես՝ լինելով ՀՀ քաղաքացի, մի քիչ լավ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է ոստիկանության աշխատակիցը որոշելու արդյոք ես ունե՞մ ID քարտի կարիք, թե՞ չունեմ, չեմ ուզում մտածել այդպես, բայց այստեղ կարող են լինել օրինակ՝ խնամի-ծանոթ-բարեկամ լուծումներ, որ կարող է պարզվի՝ մեկի կարիքը իրոք կարիք է, իսկ մեկ ուրիշինը՝ էդքան էլ իրական կարիք չի, և ես կարծում եմ, որ նման մեխանիզմ ներդնելու փոխարեն պետք էր պարզապես նաև հաշվի առնելով մեծ պահանջարկը, ես չեմ ասում, որ անձնագրերի և վիզաների վարչությունը վատ է աշխատում, հակառակը՝ ծանրաբեռնված է աշխատում, բայց պետք էր պարզապես ապահովել պատշաճ մատակարարումներ և նաև հզորությունների մեծացում։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ լավ պլանավորման և օպերատիվ աշխատանքի շնորհիվ մեր հազարավոր քաղաքացիներ հիմա ստիպված չէին լինելու իրենց կարիքը ապացուցելու միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ստանան նույնականացման քարտ»։

Քաղաքականություն

Պատահարներ