Ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա երբեք չէր խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին․ ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը․ Մամիջանյան

ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր ելույթում անդարադարձավ իշխող խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին։

 

«Պարո՛ն Աղաջանյան, ի՞նչ ստատուս քվո, ի՞նչ ստատուս քվո է պահպանվել, Արցախի տարածքի փոփոխությունը չե՞ք նկատել, հողային կորուստները չե՞ք նկատել, թե՞ բանակցային գործընթացի առկա վիճակը գոնե մոտ կարելի է համարել ստատուս քվոյին, այո՛, ստատուս քվոն պահնապված էր մինչև եկաք դուք: Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի դեմ հայցեր է ներկայացնում, պարոն Աղազարյանը որոշեց այդ հայցերի էջերը մեկով ավելացնել ՀՀ ԱԺ ամբիոնից։ Եթե Ձեր պնդմամբ՝ միջազգային հանրության աչքերում Հայաստանը  օկուպանտ էր, մի հատ սանկցիա կասե՞ք Հայաստանի նկատմամբ կիրառված»,- ասաց Մամիջանյանը։

 

Մամիջանյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագիրը այսօր դարձել է Ադրբեջանի քարոզչական կռվաններից մեկը։

 

«30 տարվա ընթացքում որևէ ադրբեջանցի պաշտոնյա՝ նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա Աթայի հռչակագրի մասին չէր խոսել, երբե՛ք, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը, «մեյդան» բերեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը։ Դուք, որ շատ եք սիրում մանիպուլյացիաների համար անընդհատ մեջբերել 2010 թ․-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքը, դա էլ է Ադբեջանի համար դառնալու կեղծ կռվան»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

 

Նա ընդգծեց, որ Հայաստանը ներկայացնող ցանկացած պաշտոնյայի աշխատանքը պետք է լինի աշխարհին բացատրել, որ Արցախում բնակվող հայերի համար ինքնիշխանության, ինքնորոշման իրավունքը հոմանիշ է կյանքի իրավունքին։

 

«Խաղի կանոնները դարձել են այնպիսին, որ ՀՀ ԱԺ-ն մտածում է հայտարարության մեջ օգտագործե՞լ Արցախի Հանրապետություն տերմինը, թե՝ չէ։ Պատերազմից հետո Մինսկի խումբն է խոսել ինքնորոշման իրավունքի մասին, որին դուք հետո չեք կարողացել հետամուտ լինել։ Եթե, Աստված չանի, փորձագետների կանխատեսումները շփման գծում լարվածութան մասով իրականան, մտքներովդ չանցնի՝ Perfect TV-ներով և իրական ֆեյքերով  հղում անել այս հայտարարության տեքստին, չփորձե՛ք իրականացնել այդ քարոզչական արշավը»,- ասաց նա։ 

Քաղաքականություն