Հասարակություն

18 զինվորի մահվան գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են. գնդապետ Մախսուդյանը բերման կենթարկվի

18 զինվորի մահվան գործով նիստերը պարբերաբար հետաձգվում են. գնդապետ Մախսուդյանը բերման կենթարկվի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, 44-օրյա պատերազմին Իշխանաձորի խաչմերուկում զոհված 16 զինծառայողի եւ 2 սպաների դեպքի գործով դատական նիստին որոշվել է գործով վկա գնդապետ Արտակ Մախսուդյանին բերման ենթարկել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմել է զոհված զինծառայող Արտաշես Խալաթյանի հայրը՝ Հակոբ Խալաթյանը։ 

Զոհված զինծառայողի հայրն ասել է, որ դատարանն անցել է գործով վկաների հարցաքննությանը, սակայն վկաներից Մախսուդյանը արդեն երրորդ դատական նիստն է՝ դատարան չի ներկայանում։ 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, փոխգնդապետ Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ: Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։ 

Ի սկզբանե դատական նիստը պետք է տեղի ունենար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն տուժողների իրավահաջորդներն դատարանին միջնորդել էին նիստերն անցկացնել Երեւանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք: 

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։ 

Թեպետ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում, սակայն զինծառայողների հարազատները պնդում են՝ նա մեղավոր է եւ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Ծնողները վստահ են՝ հենց նրա սխալ հրամանի պատճառով են 18 տղաները զոհվել։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250