Հայ դիվանագետները ձախողել են ադրբեջանական դավադրությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում
Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20֊ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ-երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
Կազմակերպությունը քաջալերում է կողմերին, միջազգային գործընկերների հետ համատեղ, խնդիրների բանակցված, խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքերը գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և կոչ է անում խստորեն հարգել հրադադարը։
Բանաձևն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ողջունում գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։ Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում լուծում չստացած հումանիտար խնդիրների առնչությամբ, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցություն ցուցաբերում Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։
Հավելենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնում Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին չորս տարիների ընթացքում նախագահելու համար և հայտնում են իրենց համերաշխությունն Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց երկիրն առերեսվում է։
bagramyan26-ը, սակայն գրում է, որ ինչպես խոստովանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր իսկ հայտարարության մեջ, նախօրեին, երբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովում ընդունվեց բանաձեւ, որը հետագայում պետք է հաստատվեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում, ադրբեջանական կողմը կազմակերպության անդամ Ալբանիայի միջոցով և Ռումինիայի ու Մոլդովայի աջակցությամբ փորձել է ձախողել ներկայիս տեսքով աջակցություն և համերաշխություն արտահայտող բանաձեւի ընդունումը։
Ըստ bagramyan26-ի աղբյուրների՝ այս երկրները նույնիսկ փորձել են իրենց արկածախնդրության մեջ ներքաշել կազմակերպության այլ անդամների, սակայն հայկական ակտիվ և բազմաստիճան դիվանագիտության շնորհիվ Ադրբեջանի հովանու ներքո հասունացած այս դավադրությունը կանխվել է, և բանաձեւը կայացվել է: Բանաձևն ընդունվել է այն տեսքով, որով այն համաձայնեցվել և ներկայացվել է հաստատման, այսինքն՝ Հայաստանի համար ձեռնտու ձևակերպումներով։