Փաշինյանը նախատել է թիմակիցներին․ «Ժողովուրդ»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ պարբերականի, թեև կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից և կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաև այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։

ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջև չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։

 

Ավելին՝ հայտնել է, թե արդեն ուժայիններին հանձնարարել է վարչության ընտրությունների սրահի բոլոր տեսախցիկներն առգրավել՝ պարզելու, թե ով կամ ովքեր են եղել կեղծարարները։

«Երեկ տեղեկացանք, որ տեսախցիկներն արդեն առգրավվել են, և արդեն պարզվել է մի խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է՝ դուռը այն սրահի, որտեղ պետք է պահվեին քվեատուփն ու ցուցակները, պետք է փակ լիներ, ավելին՝ կապարակնքված, սակայն ո՛չ դուռը, ո՛չ արկղը, ըստ տեղեկությունների, կապարակնքված չեն եղել։

 

Ստացվում է՝ ընտրակեղծիքներ կատարելու ճանապարհը բաց է եղել։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները պետք է պատասխան տան, թե ում հրահանգով կամ ինչ նպատակով են թույլ տվել այդ կոպիտ խախտումը»։

Այլ կերպ ասած, ընտրակեղծիքների մեխանիզմը սկսել է բացահայտվել. հետաքրքիր է՝ դրա համար Նիկոլ Փաշինյանը կպատժի կեղծարարների խմբակին արդյոք, թե տխրահռչակ Արսեն Թորոսյանին, որը կասկածվում է ՔՊ կողմից բացահայտումներ անելու համար, գրում է «Ժողովուրդը»։

Քաղաքականություն

Պատահարներ