Չի բացառվում ԱՄՆ-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությումների խզումը. Ռյաբկով
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունները կարող են խզվել։ Այս մասին դիվանագետը հայտարարել է RTVI-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Դերգաչովին տված հարցազրույցում։
«Դա ամբողջությամբ կախված է Վաշինգտոնում կատարվող ընտրություններից: Ես ոչինչ չեմ բացառում. Բայց սա, իհարկե, մեր ճանապարհը չէ և մեր քայլը չէ։ ... Մեր շահերից է բխում չխզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Հաղորդակցություն է պետք, երկխոսություն է պետք։ Եթե ինչ-որ պահի ամերիկացիներն իրենք համարեն, որ դա իրենց պետք չէ, ապա, հավանաբար, գործը կավարտվի խզմամբ»,- ասել է Ռյաբկովը։
Փոխարտգործնախարարի խոսքով` «ռուսաֆոբիայի մակարդակը Ամերիկայի Միացյալ Նահանգներում` իշխանության բոլոր մակարդակներում և ճյուղերում, հիմնական լրատվամիջոցներում բացարձակապես աննախադեպ է»։
«Բայց մենք աշխատում ենք հանգիստ, մեթոդական, սառը, առանց էմոցիաների։ Սա, հավանաբար, միակ ճանապարհն է նման «հաճախորդի» հետ աշխատելու համար»,- հավելել է դիվանագետը:
Նոյեմբերի 14-ին Անկարայում հանդիպել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՀ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը և Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը։ Ռյաբկովի խոսքով՝ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։