Իրավապահները որոնում են Ապարանի կրակոցների գործով երկրորդ անձին. ինչ է հայտնի Armlur

Իրավապահներն այս պահին փնտրում են Ապարանի կրակոցներով երկրորդ անձի, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, նա սպանության մեղադրանքով կալանավորված Արմեն Հովհաննիսյանի ընկերն է: Այս մասին գրում է ArmLur.am-ը:

 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում Ապարանի կրակոցների քրեական վարույթով նոր կալանավորում է սպասվում: Իսկ թե ով կկալանավորվի, այս պահին այդ մասին չենք հրապարակում նախաքննությանը չվնասելու համար:

Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն Ապարանի կրակոցների գործով հարցաքննել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբորը՝ Գրզո Ասատրյանին, ինչը ՀՀ քննչական կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հաստատել էր տեղեկությունը։

 

Այս պահին քրեական վարույթով հարցաքննվել է մոտ 50 անձ եւ առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:

 

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

 

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:

 

Արդյունքում հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը կալանավորված է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ