Վենետիկի քաղաքապետը նախատեսում է բարձրացնել զբոսաշրջիկների մուտքի վճարը
Վենետիկի քաղաքապետը հայտարարել է մեկօրյա այցելուների համար նախատեսված և տարաձայնությունների տեղիք տված մուտքի վճարի զգալի բարձրացման ծրագրերի մասին:
Քաղաքի իշխանությունները մտադիր են վճարը հասցնել մինչև 30–50 եվրոյի, իսկ հեռանկարում՝ առավել գերծանրաբեռնված ժամանակահատվածներում, հնարավոր է նաև մինչև 50 եվրոյի: Քաղաքի նորընտիր քաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ով նախկինում զբաղեցնում էր զբոսաշրջության հարցերով խորհրդականի պաշտոնը, պարզաբանել է, որ այս քայլն ուղղված է «զբոսաշրջային բարձր ճնշման» օրերին այցելուների հոսքի հետագա սահմանափակմանը։
Վենետիկն արդեն մի քանի տարի է, ինչ փորձարկում է մեկօրյա զբոսաշրջիկների համար վճարովի մուտքի համակարգը։ 2024 թվականին քաղաքը դարձավ առաջինն աշխարհում, որտեղ ներդրվեց նմանատիպ վճար. սկզբնական շրջանում այն կազմում էր 5 եվրո և կիրառվում էր ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածի ամենածանրաբեռնված 29 օրերին։ 2025 թվականին համակարգն ընդլայնվեց մինչև 54 օր, ընդ որում՝ ուշ ամրագրման դեպքում գումարը կրկնապատկվում էր։ Ընթացիկ տարում այս ռեժիմն արդեն ընդգրկում է շուրջ 60 օր։
Չնայած զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի վրա ունեցած ազդեցությունը սահմանափակ եղավ, համակարգի գործարկման առաջին տարում քաղաքը մոտ 2,4 միլիոն եվրոյի եկամուտ ստացավ։ Իշխանությունները կարծում են, որ այս մեխանիզմը ժամանակի ընթացքում կարող է օգնել հաղթահարել գերզբոսաշրջության խնդիրը մի քաղաքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Վենտուրինիի խոսքով՝ ներկայիս վճարն «առայժմ միակ արդյունավետ գործիքն է այցելուների օրական քանակը վերահսկելու համար»։ Նա հավելել է, որ իշխանությունները առաջարկ են պատրաստում երկրի կառավարության համար, որպեսզի համակարգը դարձնեն ավելի ճկուն և առավելագույն ծանրաբեռնվածության օրերին կամ ամրագրումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում բարձրացնեն սահմանված վճարը ։
Վճարումը կատարվում է առցանց. զբոսաշրջիկը ստանում է QR կոդ, որը անհրաժեշտ է ներկայացնել մուտքի կետերում, այդ թվում՝ Վենետիկի Սանտա Լուչիա կայարանում։ Վճարումից ազատվում են քաղաքում գիշերող զբոսաշրջիկները, Վենետոյի շրջանի բնակիչները, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաները։ Այնուամենայնիվ, նույնիսկ հյուրանոցի ամրագրման առկայության դեպքում, այցելուները պարտավոր են գրանցել իրենց ժամանումը։