Դատախազությունը Պավլիկ Մանուկյանի գործով դիմել է դատարան

«Սասնա ծռեր»  խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին մեղսագրվող արարքների վերաբերյալ երեկ նիստ պետք է տեղի ունենար Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ՝ կապված նոր Քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ 

 

Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ նիստը հետաձգվել է, քանի որ ինքը ներկա չի եղել։

 

«Հաջորդը նիստը նշանակվել է  դեկտեմբերին, իրենք չեն ասել ինձ, որ նիստ ունեն, անակնկալ կերպով Պավլիկին տարել են, նա էլ ասել է, որ առանց փաստաբանի չի ցանկանում նիստ անցկացնել»,-նշել է նա։
 

Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալը դատապարտվել է քրեական նախկին օրենսգրքով, իսկ հիմա դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղսագրվող հոդվածները նոր օրենսգրքին համապատասխանեցնելու համար․ «Արդյոք համապատասխանո՞ւմ է  նոր օրենսգրքի պատիժներին, ի՞նչն է փոփոխված, կարո՞ղ է դուրս գալ, կարող է դուրս չգա։  Քանի որ այս պրակտիկայի հետ նոր ենք առնչվում, այս պահին հստակ չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչ են ուզում փոփոխել»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Քաղաքականություն

Պատահարներ