Բելառուսի բուժհաստատությունները լի են ռուս զինվորականներով. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

 Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 13-ի առավոտյան տեղեկագրում նշել է, որ Բելառուսի Բրեստի մարզում, հատկապես այն շրջաններում, որտեղ, ըստ ուկրաինական կողմի, տեղակայված են ՌԴ ԶՈւ ուժերը, էականորեն ուժեղանում է սոցիալական լարվածությունը։

Մասնավորապես, ուկրաինական կողմը պնդում է, որ տեղական հիվանդանոցները լի են ռուսաստանցի զինվորականներով, որոնք զանգվածաբար հիվանդանում են՝ վրանային ավաններում պահպանման անբավարար պայմանների պատճառով։ Ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ բելառուսցի բժիշկները ստիպված են լինում մերժել սպասարկել Բելառուսի քաղաքացիներին, որոնք բուժման կարիք են ունենում։

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ Բելառուսը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման գործում աջակցում է Ռուսաստանին՝ ընդունելով և իր տարածքում տեղակայելով ռուսական զորքերին։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Բելառուսի տարածքից ռուսական զինուժը նաև հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին։

 

Հոկտեմբերի սկզբին Բելառուսն իր հերթին Ուկրաինային մեղադրել էր իր տարածքին հարվածներ հասցնելու մտադրության մեջ։ Ուկրաինայի ԱԳՆ-ն ժխտել էր բելառուսական կողմի մեղադրանքները։

 

Հոկտեմբերի 15-ին Բելառուսի ՊՆ-ն հայտարարել էր Բելառուս ռուսական զորքերի առաջին էշելոնի ժամանման մասին, որոնք պետք է համալրեին Ուժերի տարածաշրջանային խմբավորումը։ Դրա ստեղծումը բացատրել էին Բելառուսի սահմանների մոտ «ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացման հետ»։ Ընդհանուր առմամբ, հոկտեմբերին Բելառուս էր ուղարկվել սպառազինությամբ և տեխնիկայով բեռնված մոտ 1500 երկաթուղային հարթակ։

Քաղաքականություն

Պատահարներ