«Փաստաթղթում կա միջանցքի մեկ ձևակերպում». Աղաջանյանը` Բաքվի հետ տարաձայնությունների մասին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հայտարարությունը, թե Բաքուն արտատարածքային միջանցք չի պահանջում, Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Բաքվի մանիպուլյատիվ գործելաոճի հերթական դրսևորում համարեց։ Այս մասին Աղաջանյանն ասել է «Ազատության»-ը տված հարցազրույցում:
Աղաջանյանը շեշտեց՝ երբ գործնականում հնարավոր է լինում Բաքվի հետ համաձայնության գալ կարևորագույն դրույթների վերբերյալ, ըստ էության, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցին հասնելիս, ռեժիմի վերաբերյալ շատ հստակ և սկզբունքային տարաձայնություններ են ի հայտ գալիս։ Այստեղ, ըստ Աղաջանյանի, արդեն պարզ է դառնում, որ միջանցք ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի այն նույն գործունեության ռեժիմը, որն ուղիղ համեմատական է Լաչինի միջանցքի հետ։
Իշխանական պատգամավորը նկատեց՝ եթե լիներ որևէ անհասկացվածություն, վերջին մեկ տարվա հանդիպումների ընթացքում այդ հարցի վերաբերյալ շատ հեշտ կլիներ հստակություն մտցնել։
Վկայաբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Աղաջանյանն ասաց՝ փաստաթղթում կա միջանցքի մեկ ձևակերպում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, և այդ միջանցքի գործողության ռեժիմը շատ հստակ և պարզ է բոլոր կողմերի համար։
Երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ադրբեջանն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը Հայաստանը գրավոր ձևակերպել է և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին՝ շեշտելով, որ պատրաստվում են առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։
Հարցին, թե ի՞նչ առաջարկի մասին էր երեկ խոսում վարչապետը, Աղաջանյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ։