Որտեղով է անցնում Հայաստանի սահմանը. Փաշինյանը` սահմանների դելիմիտացիայի մասին
Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, ապա ինչու Լեռնային Ղարաբաղի հայությունը չի զգում դա, Հանրայինի եթերում նման հարցադրում է արոլ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասել ենք ու ասում ենք, որ երբեք էլ ԼՂ հիմնախնդիրը տարածքի խնդիր չի եղել, այլ բան, որ մեր արտաքին քաղաքականությունն այս կոնտեքստը ի վիճակի չի եղել ներկայացնել միջազգային հանրությանը», - ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն:
«Մենք դեմ չենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան ու ընդունեն այնտեղ ապրող մարդիկ», - ասել է նա։
Խոսելով ՀՀ տարածքի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված լինելու մասին, Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական զորքի դուրսբերման պահանջն իրենք առաջ են քաշում միջազգային բոլոր հանդիպումների ընթացքում։
«Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թվականի սահմանը, դրանով իսկ ֆիքսվում է արդեն, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները, որովհետև 1991 թվականի սահմանը տեսական մի երևույթ չէ, ամբողջ աշխարհը գիտի, թե որտեղով է անցնում այդ սահմանը։ Դրանք Խորհրդային միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են, այդ փաստի բերումով արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները և եթե ճանաչում է, իսկ արձանագրել է, որ ճանաչում է, պետք է դուրս գա այդ տարածքներից՝ առավելևս, որ հետագա քննարկումների առումով էլ արձանագրվել է, որ այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիան»,-ասել է Փաշինյանը։
Իր խոսքով` հենց այդ սահմանների ճանաչման համատեքտում էլ կայացվել է ԵՄ դիտորդական առաքելության գործուղման որոշումը։