Ինչո՞ւ Մխիթարյանը հեռացավ ՀՀ հավաքականից. ՀՖՖ նախագահը պատասխանում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Վիվառո Մեդիա»-ին   տված հարցազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին հարցին:

 

- Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, ի՞նչ խնդիր կա՞ և հնարավո՞ր է այն հարթվի:

- Ես չեմ կարծում, թե խնդիրը կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման: 

Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Հենրիխ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը:

 

- Դուք խոսել եք նրա հետ որոշման մասին:

- Ո՛չ, որոշման մասին չեմ խոսել:

 

- Ֆուտբոլի ֆեդերացիան պատրա՞ստ է կատարել առաջին քայլը ու այս թեմայով զրուցել Հենրիխի հետ:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է ամեն ինչի՝ Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու համար:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի մարտի 3-ին էր պաշտոնապես հայտարարել միջազգային կարիերան ավարտելու մասին: