Իսրայելը այսօր առավոտից հրթիռակոծում է Գազայի հատվածը
Իսրայելական զինվորականները ուրբաթ վաղ առավոտյան հարված են հասցրել Գազայի հատվածին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող պաղեստինյան անկլավից Իսրայելի ուղղությամբ չորս հրթիռ արձակելուց ժամեր անց, հայտնում է Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդային հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա հրթիռների արտադրության «եզակի» օբյեկտին:
«Հարվածն իրականացվել է ի պատասխան Գազայի տարածքից Իսրայելի տարածք հրթիռների արձակմանը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության հարավային հրամանատարության, այսպես կոչված, «կրակային կենտրոնի» հրամանատարը, որը համակարգում է ստորաբաժանման հարձակողական գործողությունները, ասել է, որ վայրը ռմբակոծվել է 19 տոննա զինամթերքով:
Հարվածների ֆոնին պաղեստինցիները, ըստ երևույթին, գնդացիրներից կրակ են արձակել իսրայելական ինքնաթիռների ուղղությամբ:
Պաղեստինյան ոչ մի խմբավորում չի ստանձնել արձակումների պատասխանատվությունը, սակայն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ը:
Հրթիռային արձակումը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ պաղեստինյան իսլամական ջիհադի անդամն իսրայելական ռազմական գործողության ժամանակ սպանվել է Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում:
Վերջին անգամ Գազաից դեպի Իսրայել հրթիռներ են արձակվել օգոստոսին՝ ընդհանուր առմամբ արձակվել էր մոտ 1175 հրթիռ: