
Լավրովը կոչով դիմել է ՄԱԿ-ին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ գոհունակություն է հայտնել, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ Ուկրաինայի ղեկավարությունը գրավոր երաշխիքներ է տրամադրել, որ Սև ծովում հումանիտար երթուղիները չի օգտագործի ռազմական նպատակներով։
Լավրովը նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին կոչ է արել կատարել հացահատիկի արտահանման գործարքով նախատեսված պարտավորությունները՝ կապված ռուսական արտահանումների հետ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Ինչպես գիտեք, գործարքի ուկրաինական մասի կատարումը վերսկսվել է։ Միևնույն ժամանակ նախկինի պես չենք տեսնում որևէ արդյունք՝ կապված փաթեթի երկրորդ մասի հետ, որը ժամանակին առաջարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը և որը նախատեսում է ռուսական պարարտանյութի և հացահատիկի արտահանման բոլոր խոչընդոտների վերացում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը շեշտել է, որ ռուսական արտահանումների հետ կապված պետք է մոտ ժամանակներս շատ լուրջ միջոցներ ձեռնարկվեն։
Ինչպես հայտում է Reuters գործակալությունը, գյուղատնտեսական ապրանքներով բեռնված յոթ նավ դուրս է եկել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից այն բանից հետո, երբ դարձյալ սկսել է գործել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը։ Եվրոպական և ասիական երկրներ է մեկնել 290 հազար տոննա պարենամթերք։
Ըստ գործակալության՝ համաձայնագրին վերադառնալու մասին Ռուսաստանի հայտարարությունից հետո համաշխարհային շուկայում հացահատկի գինը կտրուկ նվազել է։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվան վերադառնում է համաձայնագրին, քանի որ Ուկրաինայից ստացել է գրավոր երաշխիքներ, որ հացահատկի միջանցքը չի օգտագործվի Ռուսաստանի դեմ մարտական գործողությունների համար։