
Գլխավոր խնդիրն է կանխել ԶԱԷԿ-ի գնդակոծությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցը, գլխավոր խնդիրն է կանխել Կիևի գնդակոծությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Եկեք չնախատեսենք ոչինչ, որովհետև դա բարդ հարց է, այն այժմ ակտիվորեն ուսումնասիրում են մեր գերատեսչությունները, առաջին հերթին՝ պաշտպանության նախարարությունը։ Գլխավոր խնդիրն է կանխել ուկրաինական զինված ուժերի կողմից ԶԱԷԿ-ի գնդակոծությունը»,–ասել է նա։
Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ներկայությունը կայարանում կարող է թույլ տալ նվազագույնի հասցնել գնդակոծությունները:
«Մենք գիտենք, թե որքան ակտիվ է այստեղ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի և փորձագետների հետ, որոնք գտնվում են կայարանում։ Պարբերաբար իրականացվում է այդ աշխատակիցների ռոտացիան։ Հուսով ենք, որ դա թույլ կտա նվազագույնի հասցնել առնվազն վտանգավոր միջադեպերը, որոնք հղի են միջուկային աղետով»,–ընդգծել է Ռուդենկոն։