Մարտաֆիլմ հիշեցնող վնասազերծում Երևանում․ երկաթե լինգով հարվածել են օպերլիազորի գլխին, հնչել են կրակոցներ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, որտեղ նկատում են այդ քաղաքացուն և ներկայանում, որ իրենք ոստիկանության ծառայողներ են։
Ու մինչ քրեական հետախույզները կփորձեին այդ քաղաքացուն դեպքի վայրից մեկուսացնեին, 2 անհայտ քաղաքացի, մոտենալով դեպքի վայր, երկաթյա լինգով հարձակվում են օպերլիազորների վրա, որի ընթացքում նրանցից մեկը լինգով հարվածում է Դավիթ Ա․-ի գլխին, պատճառելով մարմնական վնասվածք։ Այլ ելք չունենալով, օպերլիազորները իրենց անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից 1-ական նախազգուշական կրակոցներ են արձակում դեպի օդ։ Արդեն տեղում Դավիթ Ա․-ն, իրական վտանգ զգալով իր և իր գործընկերոջ նկատմամբ, ինքնապաշտպանության նպատակով 1 կրակոց է արձակում այդ քաղաքացու ոտքերի ուղղությամբ, ապա վնասազերծում։
Ու մինչ դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ, Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Չեխովի փողոցում բռնել և վնասազերծել են Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ին և Երևանի բնակիչ 42-ամյա Էմիլ Փ․-ին։ Վերջիններս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հեռախոս, երկաթե լինգ, ինչպես նաև խանութում կոտրված ապակիներն ու գույքը։