Երևանում վթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։ Ու ջուրն անխնա հոսելու պատճառով է ավտովթարը տեղի ունեցել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասմաբ կիսակողաշրջվել։
Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։ Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։