
Ադրբեջանցի պատգամավորն Իրանին սպառնացել է հրթիռային հարվածներով

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Ադրբեջանի հետ սահմանին Իրանի նախաձեռնած զորավարժությունները պրովոկացիա է որակել, հաղորդում է «Փաստինֆո»-ն։
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպում է պրովոկացիոն զորավարժություն, իսկ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ զրույցում հայտնում է ոչ տեղին զգուշացումներ՝ տարածաշրջանում օտարեկրյա ռազմական ներկայության անթույլատրելիության մասին։ Միաժամանակ, իրանական «մոլակրատիան», ամենայն հավանականությամբ, «օտարերկրյա» չի համարում Հայաստանում ռուս զինվորականներին և ներողամտորեն է վերաբերվում հայ-ադրբեջանական սահմանին ինչ-որ եվրոպացի դիտորդներ ներգրավելու Հայաստանի մտադրությանը»,- ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի պատգամավորը։
Ավելին, նա հայտարարել է, թե Ադրբեջանում վաղուց են ծանոթ իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալմանն ու քաղաքականությանը, ու բավական հանդուգն ձեւակերպմամբ խորհուրդ տվել Իրանին՝ ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում ճնշումներից։
«Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռիսկերը, քանի որ ի պատասխան հարվածի տակ կհայտնվեն Թուրքիայի և Պակիստանի հետ իրենց սահմանները, հազարավոր հրթիռներ ու ռումբեր Իսրայելից և Սաուդյան Արաբիայից, որոնք վաղուց պատրվակ են փնտրում Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, կթափվեն իրենց գլխին»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։