Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Ոչ մեկի առաջ դուռը չենք փակում. Փաշինյանը՝ միջազգային դիտորդական առաքելության մասին

Երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը, այս մասին Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել։ Եվ հետևաբար մեր բոլոր ջանքերը, նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը։ Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների անձեռնմխելիությունը պիտի պաշտպանվի, այդ թվում՝ մեր բանակի ջանքերով, մեր դիվանագիտական միջոցներով, այդ գործողության հեռահար նպատակը նույնպես խաղաղությունն է»,– ասաց նա։
 

Հարցին, որ գործողություններ ասելով կարող ենք նկատի ունենալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, զենքի վաճառք, սահմանին մշտադիտարկման իրականացում, ինչպես ՄԱԿ–ում առաջարկել էր վարչապետը, Նիկոլ Փաշինյանն ասաց․ 

 

«Դրանք տարբեր հարցեր են։ Պիտի ասեմ, որ մենք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում ենք»։

 

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդական առաքելությանը, ապա Փաշինյանն ասել է. «Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, նկատի ունենք կամ երկարաժամկետ, կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ։ Այս տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջանը չի ասում, որ ես խախտեցի զինադադարը։ Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ–որ սադրանք է եղել և այլն։ Բնականաբար մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա արդեն շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»:

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ լրագրողի նշած բոլոր առաքելություններն էլ միջազգային առաքելություններ են։ Վարչապետը նշեց, որ «ոչ մեկի առաջ դուռը չենք փակում»։ «Բայց կան միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են նման դերակատարում ունենալ։ Օրինակ՝ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և այլն։ Նկատի ունեմ՝ դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք երբեք չենք բացառել, օրինակ, որ ԵԱՀԿ առաքելություն կլինի»։

Տեսանյութ