Երևան 6°C

USD - 395.53 EUR - 393.43 RUB - 6.42

Սեպտեմբերի 13-ին և դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսը կհոգա պետությունը

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ու դրանից հետո զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Ըստ նախագծի՝ հուղարկավորման ծախսերի հատուց­ման գումարը զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվում է շուրջ 30 օրվա ընթացքում, որի պարագայում զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով` հարազատներից կամ այլ անձանցից, ինչպես նաև նշված հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև վերջիններիս բարոյահո­գեբանական վիճակի վրա:

 

Որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է, անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, որոշմամբ սահմանված 700 հազար դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը Հայաստանի Հանրապետության պաշտպա­նության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևան­քով զոհված (մահացած) զինծա­ռայողների ընտանիքներին տրամադրել նախապես` մինչև հուղարկա­վորության կատարումը։

 

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Տեսանյութ