
Ո՞ր դեպքում Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի մոբիլիզացիայից փախած քաղաքացիներին

Ղազախստանը որոշակի դեպքերում ռուսական իշխանություններին կարտահանձնի սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայից խուսափողներին, հայտարարել է Ղազախստանի ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովը, գրում է Sputnik Ղազախստանը, փոխանցում է Tert.am-ը։
Արտահանձնումը տեղի կունենա, եթե քաղաքացու նկատմամբ հայտարարվի միջազգային հետախուզում, նրա դեմ Ռուսաստանում գործ հարուցվի, ընդ որում արարքը, որի հիման վրա ՌԴ-ում նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, Ղազախստանում նույնպես պետք է համարվի հանցագործություն։
Նա ընդգծել է, որ երկիրը մտադիր չէ Ռուսաստանին հայտնել մոբիլիզացիայից փախած բոլոր քաղաքացիների մասին, այլ միայն նրանց մասին, որոնք գտնվում են որոնման տվյալների բազաներում։ Ղազախ նախարարի խոսքով՝ արտահանձնման գործընթացը ամրագրված է երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված համաձայնագրով։
Մինչդեռ interfax.ru-ն հավելում է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարման սկզբից ի վեր Ղազախստան է մուտք գործել մոտ 98 հազար ՌԴ քաղաքացի, ճեպազրույցում ասել է հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ասլան Ատալիկովը։
Նույն օրերի ընթացքում Ղազախստանից մեկնել է ՌԴ 64 234 քաղաքացի։