ԱՄՆ-ն մղում է Կիևին ռազմական գործողությունները ՌԴ տեղափոխել. Պուտինը նախազգուշացրեց Արևմուտքին

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի մասնակի մոբիլիզացիայի վերաբերյալ հեռուստաուղերձն ավարտելուց հետո ասել է, որ հավատում է երկրի քաղաքացիների աջակցությանը, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը (շրջանաձև վեկտորի դիագրամ է, որն արտացոլում է որոշակի ժամանակահատվածում քամու շարժման ուղղությունը) կարող է շրջվել նաև իրենց ուղղությամբ»,- ընդգծել է պետության ղեկավարը։ 

«Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է, որ կանգնեցնենք նրանց, ովքեր ձգտում են համաշխարհային տիրապետության, ովքեր սպառնում են մասնատել և ստրկացնել մեր Հայրենիքը, մեր երկիրը: Մենք դա հիմա էլ կանենք: Եվ այդպես էլ կլինի: Հավատում եմ ձեր աջակցությանը»,- եզրափակել է Պուտինը: 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխել, արդեն կիրառվում է միջուկային շանտաժ: 

«Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում ուղղակիորեն դրդում են Կիևին ռազմական գործողությունները տեղափոխել մեր տարածք, այլևս առանց թաքցնելու ասում են, որ Ռուսաստանը պետք է բոլոր միջոցներով ջախջախվի մարտի դաշտում, որին կհաջորդի տնտեսական, քաղաքական, մշակութային, առհասարակ ցանկացած ինքնիշխանության զրկում՝ մեր երկրի լիակատար թալանով»,- ասել է Պուտինը։ 

«Գործի է դրվել նաև միջուկային շանտաժ»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը բացատրել է, որ խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսվող Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման մասին է, որը հղի է միջուկային աղետի վտանգով, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի՝ միջուկային զենքի կիրառման հնարավորության ու թույլատրելիության վերաբերյալ հայտարարությունների մասին: 

«Նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս նման հայտարարություններ Ռուսաստանի վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի ոչնչացման տարբեր միջոցներ, իսկ որոշ բաղադրիչներով ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրներինը: Եվ եթե մեր երկրի տարածքային ամբողջականությունը վտանգվի, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր միջոցները Ռուսաստանին և մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

Քաղաքականություն