
Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու կոնսուլտացիաներ կարվեն. Գրոսսի

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու մասին կոնսուլտացիաներ կարվեն: Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Ավելի վաղ նա առաջարկել էր ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծել և դրա անձեռնմխելիության մասին համաձայնագիր կնքել։ Հայտնում են նաև, որ սեպտեմբերի 10–ին վերականգնվել է Զապորոժիեի ԱԷԿ տանող էլեկտրահաղորդման ռեզերվային գիծը, ինչը թույլ է տվել կայանի օպերատորին կանգնեցնել ԶԱԷԿ-ի վերջին գործող ռեակտորը:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել է Զապորոժիեի ԱԷԿ: Ատոմակայանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանն ուղեկցել են «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարն ու ԱԷԿ-ի աշխատակիցները` ցուցադրելով կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: