
Էներգոդարը շարունակում է էլեկտրաէներգիա ստանալ Զապորոժիեի ԱԷԿ-ի դադարեցումից հետո

Էներգոդար քաղաքը էլեկտրաէներգիա է ստանում՝ չնայած Զապորոժիեի ատոմակայանի վերջին աշխատանքային էներգաբլոկի աշխատանքի դադարեցմանը։ Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան։
Նրա խոսքով, տեղի բնակիչները էլեկտրականություն են ստանում նորմալ ռեժիմով։
«Քաղաքը ապահովված է էլեկտրաէներգիայով։ Մասամբ, որոշ հատվածներում աշխատանքներ են տարվում տրանսֆորմատորների միացման ուղղությամբ, բայց դա հիմնականում վերաբերում է արդյունաբերական գոտուն», -նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը։
Զապորոժիե ԱԷԿ-ի վեցերորդ էներգաբլոկը դադարեցվել է կիրակի՝ սեպտեմբերի 11-ի առավոտյան։
Վերջին օրերին կայանի միակ գործող էներգաբլոկը աշխատում էր նվազագույն հզորությամբ։