
Այն, որ տվել են մի քանի քաղաք ու գյուղ, դրական կողմեր ունի․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ ռուսական զորքը կկարողանա վերադարձնել Խարկովի քաղաքների նկատմամբ վերահսկողությունը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա հրապարակել է Telegram-ի իր ալիքում տեղադրած ուղերձում։
Երեկ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Դոնբասի ազատագրման գործողության համար որոշում է կայացրել վերախմբավորել ռուսական զորքերը։
«ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել, թե ինչճու է ռուսական զորքը դուրս եկել Խարկովի ուղղության վրա գտնվող Իզյում, Կուպյանսկ, Բալակլեա բնակավայրերից։ Դա ռազմավարական մարտավարությամբ պայմանավորված քայլ էր, որպեսզի խուսափենք մարդկային կորուստներից։ Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում, Ես՝ Ռամզան Կադիրովս, պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քաղաքները վերադարձվելու են։ Այնտեղ արդեն գտնվում են մեր տղաները, որոնք հատուկ այդ աշխատանքների համար են պատրաստվել։ Եվս 10 հազար մարտիկ պատրաստ է մեկնել։ Առաջիկայում մենք կհասնենք մինչև Օդեսա և դուք կտեսնենք կոնկրետ արդյունքները»,-ասել է Կադիրովը։
Նա նաև նշել է, որ առաջիկայում մտադիր է դիմել ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությանն ու ներկայացնել իրավիճակի լուծման իր տեսլականը։
«Եթե այսօր-վաղ հատուկ գործողության շարունակության ռազմավարությունը չփոխվի, ստիպված կլինեմ ՌԴ ՊՆ ղեկավարությանը դիմել ու պարզաբանել առկա իրադրությունը։ Իրավիճակը շատ հետաքրքիր է։ Այն, որ տվել են մի քանի քաղաք ու գյուղ, դրական կողմեր ունի»,-հավելել է Կադիրովը, ընդգծելով, որ իրենք մասնագիտացված մարտիկներ են ուղարկել, որոնք արդեն սկսել են իրենց առաքելությունը։