
Ուկրաինական պահեստներում գրեթե 2 մլն տոննա ածուխ կա․ վարչապետը հայտնել է, թե ինչ կանի երկիրը դրա հետ

Ուկրաինան պատրաստ է դիտարկել Լեհաստան ածուխ արտահանելու հնարավորությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ և լեհական կողմի խնդրանքով Ուկրաինան պատրաստ է դիտարկել Լեհաստան ածխի արտահանման համար քվոտաների բացման հնարավորությունը: Խոսքը սեպտեմբերին 100 հազար տոննայի մասին է, որն այժմ խիստ անհրաժեշտ է մեր լեհ գործընկերներին»,- գրել է նա Telegram-ալիքում։
Վարչապետի խոսքով՝ ուկրաինական պահեստներում գրեթե 2 մլն տոննա ածուխ կա։ Սա 2,5 անգամ ավելին է, քան կուտակվել էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հունիսի սկզբին Շմիգալը հայտնել էր, որ Ուկրաինայի պետական հանքերում ածխի արտադրությունը փետրվարի վերջից նվազել է մոտ մեկ երրորդով:
Հիշեցնենք, սեպտեմբերի 9-ին Կիև է այցելել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, բանակցություններ է վարել Զելենսկու և Շմիգալի հետ։ Նախագահ Զելենսկին խոստացել է օգնել լուծել Վարշավայի էներգետիկ խնդիրները։ Ինչպես տեղեկացրել է Մորավեցկին, Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հանրապետությանը էլեկտրաէներգիա մատակարարել Խմելնիցկի ատոմակայանից։