Կապանի օդանավակայանը կրկին ֆինանսավորվում է ԶՊՄԿ-ի կողմից. «Հետք»

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Հետքին» հայտնել է, որ Կապանի օդանավակայանի ֆինանսավորումը ներկայում իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
 

Այսպես՝ 2021-ի նոյեմբերի 11-ին կառավարությունը որոշեց 49,5 մլն դրամի դրամաշնորհ հատկացնել օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին՝ կուտակած պարտքերը մարելու համար (այդ թվում՝ ռադիոհաճախականության վճարի, ընդհանուր շահագործման ծախսերի ու աշխատավարձերի մասով)։ Պետության ներգրավվումը պատահական չէր, քանի որ ՍՊԸ-ի 50 տոկոսի սեփականատերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է (պատկանում է ԶՊՄԿ-ին), իսկ մյուս 50 տոկոսինը՝ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման (ՍՄԶՆ) հիմնադրամը, որը ստեղծել է կառավարությունը, բայց կառավարվում է Սյունիքի մարզպետարանի կողմից։

 

2018-ի իշխանափոխությունից հետո ԶՊՄԿ-ի հայ սեփականատերերի ու իշխանությունների հարաբերություններն աստիճանաբար սկսեցին լարվել, ինչը, թերեւս, իր գագաթնակետին հասավ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Իրավիճակը որոշակի լիցքաթափվեց 2021-ի աշնանը, երբ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում ներգրավված ռուսաստանցի գործարար Ռոման Տրոցենկոն եւ գործընկերները ռուսական «Պրոմիշլեննայա կոմպանիայի» միջոցով ձեռք բերեցին ԶՊՄԿ-ի 60 տոկոսը, ապա 15 տոկոսը նվիրեցին ՀՀ-ին։ Այդպիսով՝ «Պրոմիշլեննայա կոմպանիան» իր 45 տոկոսով դարձավ կոմբինատի ամենամեծ բաժնետերը՝ միաժամանակ լավ հարաբերություններ ունենալով ՀՀ իշխանությունների հետ։ Արդեն այս տարվա ամռանը Տրոցենկոյի թիմը ձեռք է բերել Պոլոսկով-Հակոբյան-Ամբարյան եռյակի 12,5 տոկոսն ու նաեւ որոշ բաժնեմաս, որը մինչ այդ բաժնետերերի միջեւ տեղաբաշխված չի եղել, ինչից հետո եւս 6,87 տոկոս նվիրել է ՀՀ-ին։

 

Ներկայում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 21,87 տոկոսը պատկանում է պետությանը, 40,21 տոկոսի շահառու սեփականատերը Ռոման Տրոցենկոյի որդին է՝ Գլեբ Տրոցենկոն, 10,05 տոկոս էլ պատկանում է նրանց գործընկեր Միրզաազիզ Մուսախանովին, 12,49 տոկոսի բաժնետերն էլ ռուս նախկին քաղաքական գործիչ, գործարար Միխայիլ Զուրաբովն է։ Այսինքն՝ ներկա պահին բաժնետերերի միջեւ տեղաբաշխված է կոմբինատի բաժնետոմսերի 84,6 տոկոսը։

 

Նկատենք, որ պետության սեփականություն հանդիսացող 21,87 տոկոս բաժնետոմսերը կառավարությունը հանձնել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) հավատարմագրային կառավարմանը։ Իսկ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

 

Այսպիսով՝ ամենեւին պատահական չէ, որ այն բանից հետո, երբ ԶՊՄԿ-ում պետությունը բաժնետոմսեր ստացավ, իսկ գլխավոր բաժնետեր դարձավ կառավարության հետ լավ հարաբերություններ պահպանող Տրոցենկոյի թիմը, կոմբինատը կրկին իր ուսերին վերցրեց Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը՝ այդպես թեթեւացնելով կառավարության եւ պետբյուջեի բեռը։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ