Փաշինյանը հայտնել է Հայաստանի համար իր 3 առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: 

 

Հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտնել է, թե  որն է համարում առաջնահերթություն Հայաստանի համար տեսանելի ապագայում. «...  ես 3 հիմնական ուղղություն կնշեի. առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը՝ կրթությունը, երրորդը՝ բանակը: Կարող է թվալ, թե առաջինն ու երրորդը հակասում են իրար, բայց իրականում չեն հակասում, որովհետև կառավարության ծրագրի մեջ նաև մենք ընդգծել ենք, որ Հայաստանին ուժեղ բանակ պետք է ոչ թե ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, այլ մեր երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

 

Հետևաբար, ինձ համար այսօր առաջնահերթություններն այդ երեքն են: Կրթությունը սիմվոլիկ առումով գտնվում է մեջտեղում,  և կարծում եմ, որ կրթությունը և՛ խաղաղության համար, և՛ բանակի, անվտանգության համար ունի կենտրոնական նշանակություն: Մենք նաև կրթության ոլորտում հիմա շատ մեծ բարեփոխումներ ենք իրականացնում»:

 

Նա նշել է. «Այսօր սեպտեմբերի 2-ն է, երեկ սեպտեմբերի 1-ն էր. շատ կարևոր և սիմվոլիկ երկու օր մեզ համար: Գիտեք, որ 1991 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ  ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակագիր, սեպտմբերի 1-ն էլ՝ Գիտելիքի օրն է: Կարծում եմ, որ այս երկու օրերի հարաբերությունը կամ այս երկու օրերի սիմվոլիկան շատ կարևոր է մեր ապագայի համար: Ինչո՞ւ: Որովհետև մենք, ըստ էության, խոսում ենք մի ժամանակաշրջանի և պրոցեսների մասին, որոնց արդյունքում, ի վերջո, անկախություն է հռչակվել Հայաստանի Հանրապետությունում»:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ