Օրվա լրահոս

Բեռնատար մեքենաների վարորդներն այսօր՝ օգոստոսի 16–ին, փակել են Գորիս–Սիսիան ճանապարհը, ապա որոշ ժամանակ անց` Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանի հետ քննարկումից հետո, բացել այն։

NEWS.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ասել է, որ վարորդները դժգոհել են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։

 

«Նախարարը աշխատանքային այցով Կոռնիձորի եւ Տաթեւ–Աղվան ճանապարհների աշխատանքներին հետեւելու համար էր գտնվում Սյունիքի մարզում, Գնել Սանոսյանը հանդիպել է նաեւ Գորիս–Սիսիան ճանապարհահատվածըփակած վարորդների հետ, որոնք դժգոհել են ճանապարհներին տեղադրված կշեռքներից։ Մի քանի օր է՝ Հայաստանի տարածք մտնելիս բեռնատարները կշռվում են, գերբեռնված բեռնատարները տուգանվում են, ու պարտավորվում են բեռը հասցնել սահմանված չափի։ Վարորդները պահանջում են սահմանված  թույլատրելի առավելագույն 26 տոննա զանգվածը դարձնել 28 տոննա։ Նրանք 4 կետից բաղկացած պահանջներ են ներկայացրել նախարարին։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ճանապարհը բացել եւ Երեւանում նախարարի, վարորդների եւ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում անցկացնել, որից հետո պարզ կլինի որքանով են վարորդների առաջարկներն ընդունելի»,– ասել էՍոնա Հարությունյանը։

Ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհները, այդ թվում՝ Տաթեւ–Աղվանը, հիմնականում վնասվում են հենց գեռծանրաբեռնված բեռնատարների պատճառով։

 

«Կառավարության մակարդակով շատ խիստ պահանջ էր դրված ապահովել այդ նորմերի պահպանումը»,– լրատվականին ասել է Սոնա Հարությունյանը։

 

Հիշեցնենք՝ դեռ մայիսի 17–ին, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը իրազեկել էր, որ  տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերը փոխվել են։

 

Ըստ այդմ՝ երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝  25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց,  կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։

 

4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով եւ որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր ռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր եւ յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։

3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։

Վերջին նորություններ