«Բժիշկների անփութության հետևանքով տղաս մահացած ծնվեց». ինչ է պատմում մահացած նորածնի հայրը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնում նախօրեին մահացած նորածնի հարազատները փոքրիկի մահվան համար մեղադրում են բժիշկներին: Նորածնի հայրը՝ Սուրեն Սահակյանը, վստահ է, որ ծննդատան բժիշկների անփութության հետեւանքով է իր տղան մահացած ծնվել։

 

Բուժկենտրոնի այն պարզաբանումը, թե ծննդկանը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ, եւ ծննդաբերության օրն էլ՝ առավոտյան դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը չի զգում, հարազատները NEWS.am-ի հետ զրույցում հերքում են: Նրանք վրդովվել են բժշկական կենտրոնի նման պարզաբանումից:

Հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, նախաձեռնվել է վարույթ՝ մասնագիտական անփութության հատկանիշներով։

Սուրեն Սահակյանը պատմեց, որ հղիության ընթացքում կնոջ մոտ առաջացել է գերջրության քանակի բարձր լինելու հետ կապված խնդիր, բժշկի կողմից որոշվել է տասը օրը մեկ նրան հետազոտության կանչել.

«Կինս 8,5 ամսական հղի էր։ Ամեն անգամ ասում են, որ պտղի հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Գալիս, հասնում ենք օգոստոսի 9-ին, ասում են՝ ջրերի քանակը նորից բարձր է, 27 է, վաղն արի, որ պառկես. այդ ժամանակ պտուղը դառնում է 37 շաբաթական։ Գալիս ենք օգոստոսի 10-ի առավոտյան՝ 9։30-ի սահմաններում, ստուգում են ջրերի քանակը, ասում ՝ 22 է դարձել. չեմ հասկանում, թե ինչպես է 27-ից հաջորդ օրը 22դարձել։ Նորից հետազոտություն են իրականացնում, երեխայի լուսանկարն են տալիս, երեխայի բոլոր օրգանները նորից նայում են, երեխայի շարժը նայում են եւ ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Դրանից հետո ես գնում եմ աշխատանքի, եւ կինս զանգահարում, ասում է՝ ինձ տանում են ծնարան. դա ժամը 13։00-ի կողմերն էր։ Գնում եմ ծննդատուն, ասում են՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացի, ուղղակի այսպես էր պետք, որ նորմալ լինի։ Երկու ժամ անցնում է, բայց նորություն չկա, այնտեղ տեսնում եմ իր բժշկին Սյուզաննա Կարապետյանին, որն արձակուրդի մեջ էր, մոտենում եմ, հարցնում եմ՝ ի՞նչ կա, բժշկուհի ջան, ասում է՝ նորմալ է ամեն ինչ, մի անհանգստացի, 2-3 ժամվա մեջ կծնվի։ Այնտեղ ծանոթներից մի քանիսն ասում են՝ եթե 12։00-ից ջրերը թողել են, գնացել է, այսքան չի կարելի թողնել, ասում են՝ ասա, թող միացնեն սիստեման, ես ասում եմ՝ սիստեման ասեք՝ բժիշկները միացնեն, ինձ ասում են՝ մենք գիտենք՝ ինչ ենք անում։ Ինձ ասացին՝ գնա, 23։00-ի կողմերը նոր արի, կասենք՝ երբ կծնվի։ Գնում եմ տուն, կինս 20։00-ի կողմեր զանգում է ինձ եւ ասում, որ 21։00-ին նոր սիստեմա են ինձ միացնելու»։

Նորածնի հոր խոսքով՝ անցնում է մի քանի ժամ, իրեն զանգահարում է վիրահատող բժիշկն ու հայտնում, որ երեխայի սրտի զարկերի աշխատանքը դանդաղել է, պետք է շտապ վիրահատության անցնեն. «Ես էլ ասացի՝ վիրահատեք, եթե պետք է, ասաց՝ ես վիրահատում եմ, 1 ժամից անցած կլինի։ Գնացի հիվանդանոց, տեսնում եմ, որ ոչ ոք ինձ ոչինչ չի ասում։ Մինչեւ 22։00-ը տեսա նորից արձակուրդի մեջ գտնվող բժշկուհուն, շատ շտապ վազելով, բարձրացավ վերեւ, մի 3-4 րոպե հետո մի կին դուռը բացեց, թե բժիշկների սենյակ մոտեցեք։ Գնացի բժշկի սենյակ, վիրահատող բժիշկն ասաց՝ մամայի հետ ամեն ինչ նորմալ է, պտուղը չկարողացանք փրկել։ Ասում են՝ սրտի աշխատանքն ընկել է, հանել ենք երեխային մահացած։ Սակայն մինչեւ վիրահատելը իրենք սրտի աշխատանքը լսել են, ամեն ինչ նորմալ է եղել։ Բժիշկն ինձ այնքան վստահ էր այդ օրն ասել՝ արի, ամեն ինչ լավ կլինի, որ 21։20-ի կողմերը վիրահատության ընթացքում կնոջս ասում են՝ դու ժամին նայի, որ երեխու ծնունդը ֆիքսես, թե որ րոպեին ծնվեց»։

 

Դեպքից հետո հարազատներին բժիշկները որեւէ հստակ բացատրություն չեն տվել, թե ինչու նորածինը մահացած ծնվեց. «Ոչ մեկ մինչեւ ծնվելու օրը չի տեղեկացրել, որ կարող է այսպես լիներ։ Վիրահատող բժշկին հարցնում եմ՝ բա բժիշկ, ինչո՞ւ շուտ չէիք անում վիրահատությունը, եթե մեկ ժամ շուտ անեիք, երեխան կփրկվեր, ինձ ասում է՝ ցուցում չեն տվել, ասում է՝ երեք պատասխանատու բժիշկ կա՝ Դավթյան Հայկանուշ, Երիցյան Կարինե եւ մյուսինը չեմ հիշում։ Ինչի՞ց եք որոշել, որ ժամը 21։00-ին պետք է սիստեման միացնեք, հարցերին պատասխան չկա։ Մի քանի հոգով թիմ դարձած ինչ-որ խառը բաներ են խոսում, ոչ մի հստակ պատասխան չեն տալիս»։

 

Ավելի վաղ NEWS.am-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից պարզաբանել էին, թե կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, գանգատներ եւ պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Այդ առավոտյան նա դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Արվել է կեսարյան հատում,  սակայն նորածինը մահացած է ծնվել։

 

Նշենք՝ Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ընթանում է նախաքննություն։

Քաղաքականություն