Առինջում հարվածել են պարեկներին, հայհոյել են և վնասել ծառայողական ավտոմեքենան. ՔԿ
Առինջ գյուղում ծառայություն իրականացրած երկու պարեկներին հարվածելու կասկածանքով երկու անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս, լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Ոստիկանության ծառայողները հետևել են ավտոմեքենային և հասել Առինջ գյուղ, որտեղ նշված ավտոմեքենան շրջապատված է եղել շուրջ 10-15 երիտասարդներով:
Պարեկները հավաքվածներից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և, թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան, վնասել են այն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն), 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի (բռնություն գործադրելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, որոնք Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին։ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնություն գործադրելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու համար։