
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել` ուղղված տարածաշրջանային խաղաղության խաթարմանը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարութամբ՝ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով:
«..Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:
Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։
Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:
Հարգելի՛ ներկաներ,
Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։
Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:
Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:
Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»: