«Ցնցումներից առաջինն ամենաուժեղն էր». Բավրայի գյուղապետը` այսօրվա երկրաշարժերի մասին

Շիրակի մարզի Բավրա գյուղում արձանագրված երեք երկրաշարժերն ավերածություններ, փլուզումներ չեն առաջացրել: Այս մասին 24News-ին ասաց Բավրայի գյուղապետ Պավլիկ Սումբուլյանը:

 

«Առայժմ ճաքեր, բաներ են, էդպես փլուզումներ չկան, բայց ցնցումներն ուժեղ են զգացվել գյուղում», - նշեց գյուղապետը։

Սումբուլյանն ասաց, որ գյուղի բնակիչներից միայն շինությունների ճաքերի մասին են բողոքներ եղել, իսկ գույքերի խոշոր վնասների մասին բողոքներ չեն ստացվել։ Ցնցումներից առաջինն ամենաուժեղն էր», - ասաց Բավրայի գյուղապետը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 07:36-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էր Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ, իսկ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Ժամը 09:10-ին գրանցվել էր Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնային գոտում՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

 

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել էր 2․8 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը՝ 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ