
«Մեր այսօրվա վիճակն է, անգլուխ քայլում ենք դեպի ապագա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում Իջևանի մուտքի մոտ տեղադրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանն է պատկերված` գլուխը կտրած: Նա լուսանկարին կից գրել է.
«Այս նկարը մեր այսօրվա վիճակն է, անգլուխ քայլում ենք դեպի ապագա։ Փաստացի պատերազմի մեջ ենք, պատերազմում մեծաքանակ զինտեխնիկայի ևւ ռազմաթերքի կորուստ ունեցած բանակը չի վերազինվում, չի համալրվում կորուստների փոխարեն, բանակն անգլուխ է, այսինքն՝ ավելի քան 3 ամիս Գլխավոր շտաբը պետ չունի, ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը ևս թափուր է։ ՔՊ-ական իշխանությունը շռնդալից կերպով յուրային դատավորներ և այլ պաշտոնյաներ է նշանակում, հրապարակել է սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածուների իր ցուցակի առաջին համարների անունները, շարունակում է պետական բյուջեի փողերը մսխել՝ պարգևավճարներ բաժանելով։ Նիկոլ Փաշինյանը իր ոճով կիսաասուլիս ունեցավ,«ավետիս» արեց Բերձորի, Աղավնոյի և այլ բնակավայրերի հանձնման, խաղաղության օրակարգի տապալման, նոր պատերազմի վտանգի մասին։ Ժողովուրդն էլ Վարդավառին զոհաբերվող գառան հնազանդությամբ սպասում է իր տխուր ճակատագրին»։