
Ռուսական մազութով և գազայուղով լցանավը չեն թողել ԱՄՆ մտնել

ԱՄՆ իշխանությունները կանգնեցրել են նավթատար նավը, որն ուղեւորվում էր Ռուսաստանից Նոր Օռլեան, Լուիզիանա նահանգ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ նավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը, վարձել է շվեյցարա-հոլանդական նավթի վաճառող Vitol-ը։ Մազութով և վակուումային գազայուղով բեռնված լցանավը հունիսի սկզբին լքել է Սև ծովի Թաման թերակղզու նավահանգիստը և կիրակի պետք է ժամաներ Նոր Օռլեան։
Թերթի աղբյուրների և բեռնափոխադրումների տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգների իշխանությունները նավը բեռնաթափելու թույլտվություն չեն տվել։ Հրատարակության զրուցակիցներից մեկի և ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցչի խոսքով՝ այժմ լցանավը ստուգում են ամերիկյան սահմանային և մաքսային ծառայության աշխատակիցները։