ՌԴ ՊՆ-ն հայտարարել է` ինչից են տուժել Կիևի բնակելի շենքերը

 Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևին, սակայն միևնույն ժամանակ շեշտել է, որ ռուսական հարվածների հետևանքով քաղաքացիական օբյեկտներ չեն տուժել։ 

«Հունիսի 26-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը օդային տեղակայման բարձր ճշգրտության 4 հրթիռներով հարված են հասցրել Կիևի «Արտեմ» հրթիռաշինարարական ընկերության արտադրամասերին։ Բոլոր 4 հրթիռները հասել են նշանակետին։ Կիևի քաղաքացիական ենթակառուցվածքները չեն տուժել»,- ասել է Կոնաշենկովը։ 

Իսկ Կիևի բազմաբնակարան շենքերից մեկի հրթիռակոծությունը, որի հետևանքով 1 մարդ է մահացել, Կոնաշենկովը բացատրել է ուկրաինական ուժերի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործմամբ։ 

«Կիևի վարչակարգը փորձ է արել քաղաքում տեղակայված զենիթահրթիռային համակարգերով խոցել ռուսական հրթիռները։ Ուկրաինական С-300-ների 2 հրթիռ օդում խոցվել են ուկրաինական «Բուկ»-երի կողմից։ Ենթադրաբար, խոցված զենիթային հրթիռներից մեկն ընկել է բնակելի շենքի վրա»,- ասել է Կոնաշենկովը։ 

Հիշեցնենք՝ կիրակի առավոտյան Կիևի Շևչենկովսկի թաղամասում հրթիռի հարվածի կամ խոցված հրթիռի բեկորների պատճառով բարձրահարկ շենքեր էին տուժել։ 1 մարդ մահացել էր, 6-ը՝ վիրավորվել։

Քաղաքականություն