Վարորդին 3 անգամ անտեղի տուգանել են. ՃՈ տեսուչները պաշտոնեական կեղծիք են թույլ տվել
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչներ 2020-2021 թվականների ընթացքում պարբերաբար կազմել են կեղծ արձանագրություններ` վարորդ Ա. Հ.-ի կողմից իբր վարչական իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ առաջադրված մեղադրանքների՝ ՃՈ տեսուչներ Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն ծառայության ընթացքում Լոռու մարզի Միխայլովկա գյուղի բնակիչ Ա. Հ.-ի կողմից վարչական իրավախախտում թույլ չտալու պայմաններում կազմել են կեղծ արձանագրություններ` դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբր Ա. Հ.-ն իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաներ է վարել, թույլ տվել իրավախախտումներ:
Արդյունքում Ռ. Օ.-ն, Ա. Ճ.-ն և Ռ. Ն.-ն Ա. Հ.-ին պատճառել են համապատասխանաբար 45.000, 60.000 և 10.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք): Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: